Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: Մեծերի «քեֆին» հայերս, որպես ազգ, երկիր, տերություն, բնականաբար, աղքատ բարեկամի կարգավիճակով կարող էինք ներկա լինել` նկատի ունենալով մեզանում ձմեռային մարզաձևերի նկատմամբ եղած վերաբերմունքն ու դրվածքը: Սակայն անգամ այս պայմաններում մեր մասնակցությունը պիտի գնահատել բավարար ու կենացը խմել այն անհատների, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ մեր մասնակցությունը մարզական այդ մեծ հանդիսությանը: Չմանրամասնենք, քանզի շատ դառը խոսքեր կհնչեցնենք պատկան մարմինների հասցեին:
Դառնանք մեծերին: Նկատի ունեմ մեծ տերությունները:
Ակնհայտ թույլ մասնակցություն ունեցավ Միացյալ Նահանգները: Նախորդ` վանկուվերյանի երեսունյոթի դիմաց Սոչիում նվաճված քսանութ մեդալը վերքին դրվող դարման չէ, մանավանդ որ այդ նույն վանկուվերյանի համեմատ ռուսների ընտրանին հսկայի քայլ կատարեց: Բայց ինչու ենք ռուսների այս մասնակցությունը համեմատում նախորդ օլիմպիադայի մասնակցության հետ, երբ այն գերազանցում է նույնիսկ խորհրդային տարիներին ունեցած լավագույն ցուցանիշը. հայտնի է, որ Կալգարիում Խորհրդային Միության պատվիրակները նվաճել էին քսանինը մեդալ:
Ռուսները Սոչիում ակնհայտորեն գերազանցեցին ամերիկացիներին, ու բնավ էլ նշանակություն չունի, որ նրանց տասներեք ոսկուց երեքը բաժին է ընկնում նախկին կորեացի Վիկտոր Անին, երկուսը` նախկին ամերիկացի Վիկ ՈՒայլդին: Կարևորը հաղթանակն է: ՈՒրի՜շ բան, որ ամերիկացի հոկեյիստները դառնային ոսկե մեդալակիր ու սույնով ռուսներին դաղեին, ում հավաքականը բացառապես աստղային էր, սակայն տակը թիմ չկար: Ամերիկացիներն այ այստեղ կորցրին իրենց պատմական շանսը ու լավ կանեն տեղներում խելոք նստեն, ինչպես որ տեղներումս խելոք նստած ենք մենք` ի դեմս մեր մարզական կառույցների ղեկավար կազմի, որը հստակ հասկանում է` ի՞նչ ձայն հանել այնտեղ, որտեղ ձայն հանելու ոչ մի իրավունք չունես. դրոշը հո միայն մարզիկի ձեռքը տալով չէ՞:
Այսպիսի բաներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- Նյութը տխուր շեշտերով չավարտելու համար ասենք, որ մեզանում, այնուամենայնիվ, գործերի դրվածքն այնքան էլ վատ չէ: Զորօրինակ` համահայկական ձմեռային անդրանիկ խաղերի շրջանակում մասնակցում ենք տափօղակով հոկեյի մրցաշարի` ունենալով երեք մաքուր հայկական թիմ` ի դեմս երևանյան հայկականի, մոսկովյան հայկականի, մոնրեալյան հայկականի: Ինչո՞վ պակաս մասշտաբներ են: